National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
01.11.2022
Քննարկվել են 2023 թ. պետական բյուջեի նախնական տարբերակում ներառված տնտեսական բնագավառի բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները
1 / 5

Նոյեմբերի 1-ին ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Բաբկեն Թունյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի տնտեսության ոլորտի նախնական ծրագրերն ու ֆինանսական հատկացումները:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է նախագծի թվային տվյալները:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը 2023 թ. նախատեսվում է հատկացնել 64,912.6 մլն դրամ` ներառյալ կառավարման ապարատի պահպանման ծախսերը: Հատկացվելիք միջոցներն ուղղվելու են 11 ծրագրի 57 միջոցառման իրականացմանը:

Էկոնոմիկայի նախարարը կարեւորել է տնտեսության արդիականացման ծրագիրը: Այն արդեն իսկ լավ է աշխատում, եւ սեպտեմբերի դրությամբ 320-ից ավելի ընկերություն դարձել է ծրագրի շահառու:

«Հարյուրավոր այլ ընկերություններ են հիմա բանակցում՝ օգտվելու համար այս ծրագրից եւ ավելացնելու համար արտադրողականությունը: Այս ծրագիրը հաջորդ տարվա համար կարեւորներից է լինելու եւ թույլ է տալու ավելի շատ արտադրանք թողարկել ու վաճառել: Ծրագրի մյուս բաղադրիչը, որը դեռ կիրառություն չունի, բայց ունի շատ հայտեր, բարձր որակավորման մասնագետների վարձակալության սուբսիդավորումն է Կառավարության կողմից՝ տեղական ընկերությունների համար: Հայկական ընկերությունների կողմից 218 մասնագետի ներգրավում ենք նախատեսում հաջորդ տարվա համար»,- նշել է Վահան Քերոբյանը: Նախարարի խոսքով՝ 4 մլրդ դրամ կուղղվի ներդրումների ֆինանսավորմանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հավաստմամբ «Ստանդարտների մշակում եւ հավատարմագրման համակարգի զարգացում» ծրագրի գծով 2023 թ. նախատեսվել է հատկացնել 93,755 մլն դրամ:

Ծրագրի նպատակն է աջակցել հայրենական արտադրանքի արտանահման ծավալների ավելացմանը, հայրենական արտադրողներին հնարավորություն տալ ապահովել տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները, արտադրել միջազգային շուկայում մրցունակ արտադրանք:

«Գիտելիքահենք, նորարարական տնտեսությանը եւ փոքր ու միջին ձեռնարկատիրությանը աջակցություն» ծրագրի գծով 2023 թ. նախատեսվել է հատկացնել 9 մլրդ 967 մլն դրամ:

Նպատակն է արտադրողականության բարձրացման նպատակով տնտեսության թվայնացման, նորարարական էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման, գիտելիքահենք գործարարությանը եւ փոքր ու միջին ձեռնարկատիրությանը աջակցությունը:

Ըստ նախարարի՝ նախատեսված ծրագրերի իրականացումը հնարավորություն կտան ապահովել նախատեսված 7 տոկոս տնտեսական աճը:

2023 թ. զբոսաշրջությանը կհատկացվի 7.66 մլրդ դրամ: Վահան Քերոբյանը նշել է, որ ընթացիկ տարում շուրջ 1.24 մլն զբոսաշրջիկ է այցելել Հայաստան: Հիմնական խնդիրը, ըստ նախարարի, սեզոնայնությունն է՝ ամռան ամիսներին այն կազմում է բարձր տոկոս, իսկ ձմռանը՝ ցածր: Աշխատանքներ են տարվում ձմռան ամիսների բացը լրացնելու ուղղությամբ: 370 մլն դրամ է նախատեսվել հանրային իրազեկման համար:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի հարցն առնչվել է խաղողագործության զարգացմանը, գինու արտահանման շուկայի ընդլայնմանը դեպի ասիական երկրներ: Վահան Քերոբյանը պատասխանել է, որ այս տարի արդեն ավարտվել է խաղողի մթերման գործընթացը, թեեւ գինը, ըստ նրա, կազմել է ընդամենը 120 դրամ: Նշվել է նաեւ, որ նախարարությունը երեք թիրախ ունի նախատեսված՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Մեծ Բրիտանիայի շուկաներում տեղ գտնելն ու ամրապնդվելը, քանի որ այս երկրներում գինու սպառումը մեծ տոկոս է կազմում: Նախարարը նաեւ կարեւորել է գործադիր-խորհրդարանական դիվանագիտության գործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նաեւ շեշտադրել է գիտություն-խաղողագործություն գործակցության կարեւորությունը, ինչը հնարավորության կտա բարձրացնել գինեգործության արդյունավետությունը, կնպաստի տնտեսության ընդհանուր զարգացմանը:

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ մասնավոր բիզնեսի ֆինանսավորման առնչությամբ հարցին պատասխանելով՝ նախարարը կարեւորել է երկրի տնտեսության արտադրողականության բարձրացումը, ընկերությունների ժամանակակից սարքավորումներով ապահովումը, ինչպես նաեւ համակարգի թվայնացումը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am